Back Վերականգնման տներ

Ճգնաժամային կամ վերականգնման տները ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց համար նախատեսված փոքր ծավալի ծրագիր է, որը երբեմն իրականացվում է նաև հատուկ խմբերի, այդ թվում՝ կանանց, փոքրամասնությունների էթնիկ խմբերի և անօթևանների համար (տե՛ս Gooding et al., 2018թ․, 67-77 էջեր)։ Նման հոսպիտալացման այլընտրանքի ծրագրերի անձնակազմը կարող է հիմնականում կամ նույնիսկ ամբողջությամբ համալրվել մարդկանցով, ովքեր նախկինում օգտվել են նման ծառայություններից կամ ենթարկվել են ոչ հոժարակամ միջամտությունների, հոգեկան առողջության մասնագետներից (հոգեբույժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողները և այլն), կամ էլ համակցել այդ երկու ձևերը: Այս ձեռնարկի նպատակների համար ներկայացվել է վերականգնման տան մեկ օրինակ։


Բոխումի ճգնաժամային սենյակներ, Գերմանիա

Բոխումի ճգնաժամային սենյակները օգնություն են տրամադրում այն մարդկանց, որոնք գտնվում են «հոգեսոցիալական ճգնաժամում կամ հոգեկան և հոգեբուժական արտակարգ իրավիճակներում» (Նյութ 27)։ 2001 թվականին Landes-verbandes Psychiatrie-Erfahrener (LPE NRW) հոգեկան առողջության ծառայություններից օգտվելու փորձ ունեցող մարդկանց շրջանային հովանավոր կազմակերպությունները օգնության ծառայություն ստեղծեցին ճգնաժամ ապրող մարդկանց համար: 2013 թվականին դրանց հետ մեկտեղ ստեղծվեցին «ճգնաժամային սենյակներ», որտեղ հետագայում նախատեսվեց գիշերակացի հնարավորություն: Շտապ գիշերակացի հնարավորություն միշտ էլ եղել է վստահության ծառայության կենտրոնի սենյակներում, ինչը հազվադեպ է շահերի ինքնապաշտպանության և ֆորմալ հոգեկան առողջության համակարգ ունեցող երկրներում (Նյութ 27)։ Բոխումի վստահության ծառայության կենտրոնը և ճգնաժամային սենյակները գտնվում են երեք առանձին բնակարաններում՝ բարձրահարկ շենքի տարբեր հարկերում. 2-րդ հարկի ամենամեծ բնակարանը, ի հավելումն վստահության ծառայության, ունի մեկ անձի համար նախատեսված ճգնաժամային սենյակ, իսկ երրորդ բնակարանը նախատեսված է վարչական աշխատանքի և խմբերի համար։

Սուր ճգնաժամի մեջ գտնվող մարդիկ կարող են ապրել կացարանում մինչև երեք ամիս տևողությամբ և ստանալ հոգեկան առողջության մասնագետների, այդ թվում՝ հոգեբույժների օգնությունը (Նյութ 27)։ Ճգնաժամային աջակցությունն անհատական ​​է և հարմարեցված յուրաքանչյուր անձի համար՝ ընդհանուր ծրագիր չկա։ Ըստ էության, բոլոր նրանք, ովքեր գտնվում են վստահության ծառայության կենտրոնում կամ այցելում են այն, ներգրավված են Բոխումի ճգնաժամային ծառայության աշխատանքներում: Դերերը փոխվում են գրեթե ինքնաբերաբար, ընդ որում կիրառվում են վարձատրության և կամավոր աշխատանքի տարբեր ձևեր։ 2013-ից 2017 թվականներին ճգնաժամային սենյակները ֆինանսավորվել են տարբեր առողջապահական ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ 2017 թվականի կեսերից ֆինանսավորումը ստանձնել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի բարեգործական հիմնադրամը։


Սոթերիայի տուն, միջազգային

Սոթերիա մոդելը վերականգնողական տան տեսակ է, երբեմն ներկայացվում է որպես «Թերապևտիկ համայնքի հանրակացարան», որի նպատակն է կանխել հոսպիտալացումը (Նյութ 27): Սոթերիա հաստատությունները սովորաբար փոքր, բնակարաններ են՝ հոգեկան առողջության ծանր խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Դրանք գործում են Շվեյցարիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Հունգարիայում և Դանիայում (Calton et al., 2008)։ Մոտեցման հիմքում փոքր, համայնքի կողմից հիմնված, բնակելի բուժման միջավայր է, որի աշխատակազմը կլինիկական անձնակազմի փոխարեն հիմնականում համակիցներ են (peers) կամ հարակից մասնագիտություններ ունեցող անձինք: Սոթերիայի տների գործունեությունը նպաստում է խոցելի մարդկանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը՝ իրավազորմանը, համակիցների կողմից նրանց աջակցությանը, սոցիալական ցանցերի ստեղծմանը և փոխադարձ պատասխանատվությանը (Նյութ 27)։ Դրանցում սովորաբար նախատեսում է հոգեմետ դեղամիջոցների նվազագույն չափ՝ յուրաքանչյուր բնակչի անձնական ընտրության հիման վրա: ԱՄՆ-ում Վերմոնտի հոգեկան առողջության դեպարտամենտը հայտարարել է, որ «հոգեկան առողջության ճգնաժամում գտնվող մարդկանց հարկադիր դեղորայքային բուժումը կրճատելու հարցում Սոթերիա մոդելի ներդրման նպատակահարմարությունը Վերմոնտ նահանգում գնահատելու համար անհրաժեշտ է լրացուցիչ վերլուծություն»: (Վերմոնտի հոգեկան առողջության ծառայությունների վարչություն, 2017թ․, էջ 5)։


Weglaufhaus, «Villa Stöckle» – Բեռլին, Գերմանիա

Weglaufhaus-ը շահույթ չհետապնդող վերականգնման տուն է անօթևանների համար, ովքեր ճգնաժամ են ապրում, որը գործում է Գերմանիայի Բեռլին քաղաքում 1989 թվականից (Նյութ 21)։ Դրա անձնակազմի կեսը մարդիկ են, ովքեր ունեն նախկինում հոգեբուժական ծառայություններից օգտվելու կամ ոչ հոժարակամհոգեբուժական միջամտության ենթարկվելու փորձ: Weglaufhaus-ի հիմնական գործառույթն է աջակցության, անվտանգության և ապաստանի տրամադրումը հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող մարդկանց՝ օգնելով նրանց ամուր հիմքեր ստեղծել իրենց ինքնուրույն ընտրած ապագայի համար (Նյութ 21)։ Այդ տներում բնակիչները պետք է լինեն առնվազն 18 տարեկան, անօթևան, շուրջօրյա աջակցության կարիք ունենան և իրավունակ լինեն սոցիալական օգնություն ստանալու Գերմանիայի կառավարությունից:

Weglaufhaus-ը hոգեբուժության ծառայություններից օգտվողների և հոգեկան ճգնաժամ վերապրած անձանց համաշխարհային ցանցի մի մասն է: Բնակիչները սովորաբար ձգտում են խուսափել հարկադիր հոսպիտալացումից կամ հոգեբուժությանը այնիպիսի այլընտրանք են փնտրում, որը հարկադրանք չի նախատեսի: Նյութ 21-ում նշվում են վերականգնման տների հետևյալ առանձնահատկությունները․

  • Ախտորոշումներ չեն օգտագործվում։ Պարտադրանք չկա։ Հոգեբույժներին տուն չեն թողնում։
  • Հոգեմետ դեղերի ընդունումը կարող է դադարեցվել, թեև դա պարտադիր չէ:
  • Թիմի կատարած աշխատանքը հնարավորինս թափանցիկ է բնակիչների համար։ Բնակիչները կարող են դիտել իրենց ֆայլերը: Նրանք կարող են նաև մասնակցել անձնակազմի հանդիպումներին:
  • Աշխատանքը հիմնված է «հակահոգեբուժական մոտեցման» վրա և միտված է բնակիչների շահերին։
  • Աշխատանքի հիմնական նպատակը բնակիչների ինքնորոշմանն աջակցելն է։
  • Տրանս*, երկբևեռ գենդերային համակարգից դուրս և ինտերսեքս մարդկանց համար նախատեսված է առանձին հարկ։
  • «Ավանդական» սոցիալական աշխատանք, ինչպիսին է մարդկանց սոցիալական ապահովության, առողջության ապահովագրության, իրավական կարգավիճակի և խորհրդատվության հարցերում օգնելը:

Նախկին բնակիչների համար տանը շաբաթը մեկ անգամ բաց օր և ամենամսյա ասոցիացիայի ժողով է կազմակերպվում: Weglaufhaus-ի մասին կան գերմանալեզու մի շարք ուսումնասիրություններ (https://www.weglaufhaus.de/literatur/forschungsarbeiten-zum-berliner-weglaufhaus/ [8/04/2021թ․-ի դրությամբ])։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page