Back Ֆինլանդիա` քաղաքացիների նախաձեռնությունը խորհրդարանին (2012թ.)

Ֆինլանդիա` քաղաքացիների նախաձեռնությունը խորհրդարանին (2012թ.)

Նախապատմություն, նախաձեռնող և մասնակիցներ

Ֆինլանդիայի Սահմանադրությունը 2012 թվականի մարտից հնարավորություն տվեց քաղաքացիական նախաձեռնություն ներկայացնել Ֆինլանդիայի խորհրդարան, եթե այն հավաքել է առնվազն 50000 ստորագրություն: Պաշտոնական պահանջներն ու գործընթացները նկարագրված են Քաղաքացիների նախաձեռնության մասին օրենքում (12/2012): Արդարադատության նախարարությունը ստեղծեց վեբ ծառայություն (տես` www.kansalaisaloite.fi), որի նպատակն էր կազմակերպել քաղաքացիների նախաձեռնությունների ներկայացումը, որոնց կարողանար աջակցել լայն հասարակությունը:

Քաղաքացիների նախաձեռնությունները շատ լավ են ընդունվել Ֆինլանդիայում: Վերջին վեց տարվա ընթացքում ներկայացվել են 1000 ավելի նախաձեռնություններ, որոնցից 37-ը հաջողությամբ հավաքել են նվազագույն 50000 ստորագրությունը: Նախաձեռնություններից մեկը հանգեցրել է օրենսդրության ուղղակի փոփոխությունների (հավասար ամուսնական իրավունքների մասին), մյուսներն օրենսդրության վրա ունեցել են անուղղակի ազդեցություն:

Նվազագույն 50000 շեմը հաղթահարած նախաձեռնություններից առնվազն վեցն առնչվում էին կենսաէթիկական հարցերին: Կենսաէթիկական հարցերին առնչվող մի շարք նախաձեռնություններ չհավաքեցին անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ կենսաէթիկայի հարցերը լավ արտացոլված են Ֆինլանդիայի քաղաքացիների նախաձեռնություններում:

Ամենահայտնի նախաձեռնությունը վերաբերվում էր էվթանազիային կամ բժշկի օգնությամբ ինքնասպանությանը (63000 աջակից): Խորհրդարանն ուժը կորցրած ճանաչեց էվթանազիայի մասին օրենքը, սակայն կառավարությունից պահանջեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այս խնդիրները և, հնարավոր է, կներկայացնի նոր օրենսդրության առաջարկություն:

Ամուսնական հավասար իրավունքներ ապահովելու (166000-ից ավելի աջակից) նախաձեռնությունը հանգեցրեց նոր օրենսդրության ընդունման, որը նախկինում տարասեռ զույգերին վերապահված նույն իրավունքներն էր տալիս նույնասեռ զույգերին: Այս նախաձեռնությունը (55000-ից ավելի աջակից) հանգեցրեց Մայրության մասին նոր օրենքի ընդունման (որը հնարավորություն է լեսբիական զույգի երկու կողմերին էլ սահմանված ընթացակարգով ունենալ օրենքով նախատեսված հավասար ծնողական իրավունքներ): Բացի այդ, մայրության սահմանումն այժմ հնարավորություն է տալիս տրանսսեքսուալ տղամարդկանց ճանաչվել որպես մայր և օգտվել երեխայի ծննդյան հետ կապված սոցիալական աջակցությունից:


Մեթոդ

Օրենսդրություն մշակելու կամ ընդունելու առաջարկություն. քաղաքացիների նախաձեռնությամբ կարելի է առաջարկել ընդունել կամ մշակել նոր օրենսդրություն, ինչպես նաև փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ կամ ուժը կորցրած ճանաչել այն: Օրենքի նախագծի ձևաչափով ներկայացվող նախաձեռնությունը պետք է պարունակի առաջարկվող իրավական տեքստը: Նախաձեռնությունը պետք է սահմանափակվի կոնկրետ խնդրով և պարտադիր ներկայացնի հիմնավորումներ:

Ստորագրահավաքի համար սահմանված ժամանակահատված. նախաձեռնությունը պետք է վեցամսյա ժամկետում հավաքի անհրաժեշտ թվով ստորագրություններ: Ստորագրությունները կարող են հավաքվել թղթային կամ առցանց (օրինակ` kansalaisaloite.fi) տարբերակով: Երբ հավաքվում են բավարար թվով ստորագրություններ, նախաձեռնությունն ուղարկվում է Բնակչության ռեգիստրի կենտրոն, որտեղ ստուգվում են անունները և հաստատվում վավերական ստորագրությունների թիվը:

Քննարկում խորհրդարանում. Բնակչության ռեգիստրի կենտրոնում անունները ստուգելուց և առնվազն 50000 վավերական ստորագրություն հավաքած լինելու փաստը հաստատելուց հետո` նախաձեռնության խոսնակը կարող է ներկայացնել այն խորհրդարանի քննարկմանը: Եթե Բնակչության ռեգիստրի կենտրոնի կայացրած որոշման ամսաթվին հաջորդող վեց ամիսների ընթացքում նախաձեռնությունը չի ներկայացվում խորհրդարան, այն կարող է կորցնել իր ուժը:

Խորհրդարանը պարտավոր է քննարկել քաղաքացիների նախաձեռնությունը, սակայն այն փոփոխություններով կամ առանց փոփոխությունների հաստատելու հայեցողությունը վերապահված է խորհրդարանին: Եթե խորհրդարանը մերժում է նախաձեռնությունը` նույն խնդրի վերաբերյալ կարելի է ընթացք տալ նոր նախաձեռնության:


Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր

Քաղաքացիների նախաձեռնությունն այսօր համապետական մակարդակի ամենակարևոր ժողովրդավարական նորարարությունն է Ֆինլանդիայում: Ժողովրդավարական նորարարությունների մասին 2016 թվականի զեկույցի (Democratic Innovations, անգլերենում էջ 4) համաձայն քվեարկության իրավունք ունեցողների առնվազն մեկ երրորդը ստորագրել է առնվազն մեկ հանրագիր: Քաղաքացիների նախաձեռնությունը կարծես կարողանում է ներգրավել հակառակ պարագայում քաղաքականապես պասիվ սոցիալ-ժողովրդագրական խմբերը, հատկապես` երիտասարդ քաղաքացիներին:

Քաղաքացիների նախաձեռնությունը ազատ քաղաքացիական գործունեությունը և հանրային բանավեճը խրախուսելու և դրանց աջակցելու, այդպիսով քաղաքացիական հասարակությունը հզորացնելու արդյունավետ ձև է: Կայքերն ակտիվ հարթակ են տրամադրում քաղաքացիներին` ավելի լայն լսարանի հասնելու համար և, միաժամանակ, հնարավորություն տալիս գաղափարներ մատակարարել քաղաքական դաշտ: Դրանք ավելի մեծ տեսանելիություն են ապահովում հանարյին կարծիքներին:

Կայքում ներկայացված են մի շարք նախաձեռնություններ կենսաէթիկական խնդիրների վերաբերյալ: Ամենահայտնին քաղաքացիների նախաձեռնությունն էր էվթանազիայի մասին, որը հանգեցրեց ուսումնասիրության, որը, ամենայն հավանականությամբ, ավելի լավ պատկերացում կտա տարբերակների մասին և, հավանաբար, կավարտվի կյանքի վերջում խնամքի, բժշկի օգնությամբ ինքնասպանության և/կամ էվթանազիայի մասին օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով: Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես քաղաքացիներին իրենց տեսակետերը բարձրաձայնելու հարթակ տրամադրելը կարող է հնարավորություն տալ կառավարությանը բացահայտել նոր ուղղություններ:

Նոր օրենսդրական ակտեր նախաձեռնելու աշխատանքին հանրությանը մասնակցելու հնարավորություն տվող կայքը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարգինալացված խմբերի վրա կամ կոնկրետ հարցի դեպքում: Կայքի թափանցիկությունը հնարավորություն է տալիս քաղաքացիներին մասնակցել օրինաստեղծ գործընթացին և հեշտացնում այդ գործընթցին հետևելը: Սա լրիվ նոր կերպով է ապահովում քաղաքացիների ընդգրկումը և ավելի է մոտեցնում նրանց օրենսդրությանը:

Հանրությանը ներգրավելու այլ ուղիների համեմատ սահմանափակումը կայանում է նրանում, որ կայքը տրամադրում է միայն նախաձեռնողի ներկայացրած տեղեկատվությունը, բայց չի ապահովում հետագա քննարկումների ֆորում, որը պետք է կազմակերպվի առանձին:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page