Back Կիպրոս` իրազեկման շաբաթ (2018թ.)

Կիպրոս` իրազեկման շաբաթ (2018թ.)

Նախապատմություն, նախաձեռնող և մասնակիցներ

Իրազեկման շաբաթ Կիպրոսում կազմակերպվում է տարին մեկ: 2018 թվականի թեման Ծերացման կենսաէթիկակական կողմերն էին, որի մեկնարկը համընկավ Կիպրոսի Հանրապետության նախագահի, Կիպրոսի առողջապահության նախարարի և Կիպրոսի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի բարձր հովանու ներքո կազմակերպված մամլո ասուլիսի հետ:

Նպատակ

Իրազեկման շաբաթն ունի երկու նպատակ.

  • (i) տեղեկացնել հանրությանը կենսաէթիկական զարգացումների մասին և
  • (ii) տեղեկացնել քաղաքականություն մշակողներին մարտահրավերների և հանրային բանավեճի արդյունքում բարձրացված կառավարման մեխանիզմների մասին: 

Մեթոդ

Իրազեկման շաբաթը 2018 թվականին ուներ միջոցառումների լայն շրջանակ, այդ թվում`

  • ծերության մասին լուսանկարների ցուցահանդես,
  • կլոր սեղան քննարկում Ներկայացուցիչների պալատի նախագահի և i) Մարդու իրավունքների, ii) Առողջապահության հարցերի, և iii) Իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովների անդամների հետ,
  • կլոր սեղան քննարկում Անձնական տվյալների պաշտպանության հանձնակատարի և Վարչարարության և մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) հետ,
  • սոցիալական ներառման և խոցելիության թեմայով սեմինար,
  • կլոր սեղան քննարկում մահվան և կորստի թեմայով,
  • աշխատաժողով «Որոշումների կայացում էթիկապես երկիմաստ իրավիճակներում. Կյանքի վերջը» թեմայով,
  • աշխատաժողով «Էթիկան և բժշկական էթիկան տարեցների սպասարկման ամենօրյա բժշկական պրակտիկայում» թեմայով,
  • Լրագրական էթիկայի կանոնագիրք. Լրագրողների և զանգվածային լրատվամիջոցների` տարեցների հարցերի լուսաբանման վաքականոն,
  • աշխատաժողով «Էթիկան և էթիկական խնդիրները տարեցների սպասարկման ատամնաբուժական պրակտիկայում» թեմայով,
  • սեմինար «Էթիկան և դեոնթոլոգիան դեղագործության մեջ տարեցների համար» թեմայով,
  • սեմինար «Կախվածությունը հաղթահարելու թերապևտիկ տարբերակներ Կիպրոսում» թեմայով,
  • բժշկական համալսարանների ուսանողներին ուղղված դասախոսություններ. Էթիկական պարտավորություններ բժշկության մեջ` սովորելով անցյալից և պատրաստվելով ապագային, Ի՞նչն է փոխվում վերակենդանացման էթիկայում, Վիրահատական նոր մեթոդների կենսաէթիկան,
  • աշխատաժողով «Դեոնթոլոգիան և էթիկան կրթական հետազոտություններում` ուսանող մասնակիցների օրինակը» խորագրով,
  • բժշկական համալսարանների ուսանողների միջև բանավեճեր հետևյալ թեմաներով. (i) Կյանքի վերջի խնդիրների բարոյական, քաղաքական և սոցիալական հետևանքները, (ii) Տարեցների նկատմամբ սեռական բռնության բժշկական և իրավական հարցերը,
  • համաժողով «Միջսերնդային ծրագրեր. Պահել տարեցներին երիտասարդ, դարձնել երիտասարդներին ավելի իմաստուն» թեմայով:

Կիպրոսի կենսաէթիկայի ազգային կոմիտեն (CNBC) կազմակերպեց հանրային կլոր սեղան քննարկում «Ծերածող և տարեց մարդկանց մասին իրազեկման բարձրացում» խորագրով: Մասնակցում էին փորձագետներ, քաղաքականություն մշակողներ և համապատասխան շահակիրներ, որոնց թվում էր Կիպրոսի երեցների խորհրդարանը և Կիպրոսի տարեցների դիտարանը (ՀԿ): Լսարանը` լայն հասարակությունն էր: Քննարկվեցին երկու գլխավոր հարցեր. (i) Խնամքի մակարդակը ծերանոցներում և Սոցիալական պաշտպանության վարչության (Կիպրոսի աշխատանքի, սոցիալական պաշտպանության և սոցիալական ապահովության նախարարություն) ստուգումների որակը, (ii) բնակության պայմանները Կիպրոսի ծերանոցներում (մասնավոր և պետական): Բանավեճը, որին մասնակցեց բաց լսարանը, բացահայտեց ծերանոցներում առկա հետևյալ խնդիրները`

  • աշխատակազմը գիշերվա ընթացքում կանոնավոր ստուգայցեր չի կատարում, ինչը, հաճախ, պայմանավորված է աշխատակիցների պակասով,
  • ծերանոցներում որակավորված խնամատուների պակաս,
  • բռնությունից և վատ վերաբերմունքից տարեցներին ավելի արդյունավետ և համարժեք պաշտպանելու անհրաժեշտություն,
  • ստուգումները պետք է իրականացնի կոմպետենտ մարմին,
  • բնակիչներից ստացված բողոքների ավելի արդյունավետ քննություն:

Կլոր սեղանը եզրակացրեց, որ անհրաժեշտ է փոխել քաղաքականությունը: Անմիջապես կարգադրություններ տրվեցին փոփոխություններ կատարել Կիպրոսի ծերանոցներում (թե՛ պետական, թե՛ մասնավոր) խնամքի որակը կարգավորող գործող օրենսդրության մեջ:


Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր

Հանրային բանավեճը կարող է լինել քաղաքականություն մշակելու և որոշումներ ընդունելու մարտահրավերների մասին հանրությանը տեղեկացնելու արժեքավոր գործիք: Մեթոդների բազմազանությունը ծառայեց գործընթացում հնարավորինս մեծ թվով թեմաներ ընդգրկելու նպատակին: Միջոցառումներն ուղղված էին շահակիրների լայն շրջանակի (լայն հասարակություն, ավագ դպրոցի աշակերտներ, թոշակառուներ, բժշկական համալսարանների ուսանողներ, գիտահետազոտական հանրություն, բուժմասնագետներ), որոնք լավ ընդունեց և ողջունեց հեռուստատեսությամբ, տպագիր և էլեկտրոնային մեդիայում մանրամասն լուսաբանումը:

Կարևոր գործոն էր բանավեճի բաց լինելը, ինչը հնարավորություն տվեց առկա մարտահրավերների մասին լավ տեղեկացված անհատներին ազատ կիսվել տեսակետներով քաղաքականություն մշակողների ներկայությամբ: Եզրակացությունները ստիպեցին կառավարությանը վերանայել տարեցներին վերաբերվող օրենսդրությունը: Մասնավորապես, տարեցների խնամքի մասին բանավեճն ուղղակի ազդեցություն ունեցավ կառավարման վրա: CNBC-ին տրվեց պետական և մասնավոր ծերանոցներում քննություն իրականացնելու նախարարական մանդատ, որի նպատակն էր վերանայել գործող օրենսդրությունը, օրինակ, շուրջօրյա կադրային համալրում ապահովելու համար: Օրենսդրությունը փոփոխության է ենթարկվում և այն ներկայացվելու է Խորհրդարանի վավերացմանը:

Լայնածավալ հանրային բանավեճի ակնհայտ թերություններից է տարեկան մեկ թեմայով սահմանափակվելը: Մյուս կողմից, դա հնարավորություն է տալիս ավելի խորացված հասկանալ առկա մարտահրավերները: