Հայաստանի արդարադատության  համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության  ամրապնդումը

Մեկնարկը` 2014թ. հունիս
Ավարտը`2016 թ. դեկտեմբեր

Տևողությունը` 31 ամիս
Բյուջեն`1, 669 211 եվրո
Դոնորը`Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն
Գործընկերները` Արդարադատության նախարարություն,
դատական իշխանություն, դատական ինքնակառավարման մարմիններ, Արդարադատության ակադեմիա, Փաստաբանական դպրոց

Ծրագրի նպատակն էր ամրապնդել Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի անկախությունն ու բարելավել պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև աջակցել Հայաստանի Հանրապետության դատական համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին:

Ծրագրի իրագործման ընթացքում միջոցառումներ են իրականացվել հետևյալ երեք հիմնական բաղադրիչների ներքո՝

  • Բարեփոխված նյութական և դատավարական նորմեր սահմանող օրենսդրություն:
  • Դատավորների էթիկայի և վարքագծի հետ կապված վարույթների կարգը բարեփոխելու միջոցով դատական համակարգի հաշվետվողականության բարելավում և արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացում:
  • Փաստաբանական դպրոցի և Արդարադատության ակադեմիայի կարողությունների հզորացման միջոցով դատական իշխանության պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացում:

Ծրագրի իրականացման շնորհիվ ձեռք են բերվել հետևալ արդյունքները`

  • Դատավորները դատական ակտերը կայացնում են` հենվելով բարեփոխված օրենսդրության վրա, քանի որ մշակվել են նոր քաղաքացիական դատավարության և վարչական իրավախախտումների օրենսգրքերը և լրամշակվել է քաղաքացիական օրենսգիրքը` եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Առևտրային արբիտրաժի մասին ՀՀ օրենքը լրացվել է` ապահովելու, որ այն առավել համապատասխանի UNCITRAL-ի միջազգային առևտրային արբիտրաժի մասին մոդելային օրենքին: Սնանկության մասին օրենքը փոփոխվել է` ապահովելու որ այն ավելի շատ համապատասխանի միջազգային և Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Դատարաններին կից հաշտարարությունը ներդրվել և փորձարկվել է Հայաստանում, հաշտարարները վերապատրաստում են անցել և ստացել համաշխարհային ճանաչում ունեցող հավաստագրեր: Տպագրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 1996 թ.-ից մինչև 2016թ. հոկտեմբերը կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ու դրանց իրացումը թեմայով ձեռնարկի առաջին հատորը, որը կապահովի իրական որոշակիության սկրզբունքի առավել լայն կիրառումը  (բաղադրիչ 1):
  • Բարելավվել են դատական իշխանության հաշվետվողականության ընթացակարգերը, քանի որ լրամշակվել են Դատավորի վարքագծի կանոնները,  մշակվել և հաստատվել են նորաստեղծ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի և Դատավորների գնահատման հանձնաժողովի կանոնակարգերը: Դատական օրենսգիրքը և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կանոնակարգը լրացվել են նոր իրավակարգավորմամբ, համաձայն որի Դատավորի գրավոր հարցման հիման վրա Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պարզաբանում է տալիս դատավորի վարքագծի կանոնի կիրառության վերաբերյալ: Հայաստանում առաջին անգամ իրականացվել է դատարաններից օգտվողների բավարարվածության հետազոտությունը, և դրա արդյունքները կօգտագործվեն հետագա բարեփոխումներ և ուղղիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով (բաղադրիչ 2):   
  • Հզորացվել են Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանական դպրոցի կողմից կադրերի մասնագիտական պատրաստում և վերապատրաստում իրականացնելու կարողությունները` ոչ-իրավական թեմաներով հեռավար դասընթացների մշակման նպատակով տեխնիկական  աջակցություն տրամադրելու և այս երկու կառույցի կազմակերպչական կարողությունների ամրանդման միջոցով (բաղադրիչ 3):