Comment travaillons-nous ?

Ինչպե՞ս ենք մենք աշխատում

Եվրոպայի խորհուրդն ունի մի շարք աշխատանքային մարմիններ


Գլխավոր քարտուղար

Գլխավոր քարտուղարն ընտրվում է Խորհրդարանական վեհաժողովի կողմից հինգ տարի ժամկետով որպես Կազմակերպության ղեկավար: Նա պատասխանատու է ռազմավարական պլանավորման և Խորհրդի աշխատանքային ծրագրի և բյուջեի համար և իրականացնում: Գլխավոր քարտուղարն առաջնորդում և ներկայացնում է Եվրոպայի խորհուրդը։


Նախարարների կոմիտե

Սա Խորհրդի որոշումներ կայացնող մարմինն է և այնտեղ ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Նախարարների կոմիտեն որոշումներ է ընդունում Եվրոպայի խորհրդի քաղաքականության վերաբերյալ և հաստատում նրա բյուջեն և գործունեության ծրագիրը:


Խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)

Խորհրդարանական վեհաժողովը կազմված է 47 անդամ պետությունների 318 խորհրդարանականներից։ Վեհաժողովն ընտրում է գլխավոր քարտուղարին, մարդու իրավունքների հանձնակատարին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին։ Այն ժողովրդավարական հարթակ է ապահովում քննարկումների համար և մշտադիտարկում է ընտրությունները։ Վեհաժողովի կոմիտեները կարևոր դեր են կատարում ընթացիկ հարցերի քննարկումներում։


Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես

Կոնգրեսը Եվրոպայի 200.000 տարածաշրջանների և քաղաքապետարանների ձայնն է և ապահովում է համաժողովների անցկացումը, որտեղ ընտրված ներկայացուցիչները կարող են քննարկել ընդհանուր խնդիրները, միավորել իրենց փորձը և քաղաքականություն մշակել: Այն աշխատում է ժողովրդավարությունն ամրապնդելու և տեղական և տարածքային մակարդակով ծառայությունների որակը բարելավելու համար:


Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Սա մշտապես գործող դատական մարմին է, որը բոլոր եվրոպացիների համար երաշխավորում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների պահպանումը: Այն բաց է պետությունների և անհատների համար՝ անկախ նրանց քաղաքացիությունից: Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունները Կոնվենցիայի կողմեր են հանդիսանում:


Մարդու իրավունքների հանձնակատար

Մարդու իրավունքների հանձնակատարն անկախ կերպով անդրադառնում և ուշադրություն է հրավիրում մարդու իրավունքների խախտումներին։


ՄՈԿԿ-ի միավորումը

Միավորումը ներառում է շուրջ 400 միջազգային ոչ-կառավարական կազմակերպություն (ՄՈԿԿ): Այն ապահովում է կենդանի կապը քաղաքական գործիչների և հանրության միջև և քաղաքացիական հասարակության ձայնը լսելի դարձնում Խորհրդում: Խորհրդի աշխատանքները մեծապես շահում են ՄՈԿԿ-ի ունեցած փորձի և եվրոպական բնակչության շրջանում նրանց ակտիվ գործունեության շնորհիվ:


Գլխավոր քարտուղարի տեղակալ

Գլխավոր քարտուղարի տեղակալը նույնպես ընտրվում է Խորհրդարանական վեհաժողովի կողմից հինգ տարի ժամկետով՝ Գլխավոր քարտուղարի ընտրություններից առանձին ընտրությունների միջոցով:


Գլոբալ համագործակցություն

Եվրոպայի խորհուրդը գործում է Եվրոպական Միության հետ սերտ գործընկերությամբ և համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, ինչպես նաև գործընկեր երկրների հետ՝ իր հարևանությամբ ու ամբողջ աշխարհում։ Օրինակ՝ Եվրոպայի խորհրդի դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով տնօրինությունը, որն առանցքային դերակատարություն ունի դեղամիջոցների կեղծման և դոպինգի դեմ պայքարում, համաձայնագրեր ունի Բրազիլիայի, Չինաստանի, Հարավային Ամերիկայի և Միացյալ Նահանգների հետ։