Who we are


Ով ենք մենք


Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների հարցերով մայրցամաքի առաջատար կազմակերպությունն է։ Այն ունի 47 անդամ պետություն, որից 28 Եվրոպական Միության անդամ են։ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը պաշտպանելուն կոչված պայմանագիր է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերահսկում է անդամ պետությունների կողմից կոնվենցիայի իրականացումը։ Անհատները կարող են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գանգատներ ներկայացնել Ստրասբուրգի դատարան, երբ տվյալ անդամ պետությունում բողոքարկելու բոլոր հնարավորությունները սպառվել են։ Եվրոպական Միությունը պատրաստվում է ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ այդպիսով ստեղծելով ընդհանուր եվրոպական իրավական տարածք ավելի քան 820 միլիոն քաղաքացիների համար։

Կենտրոնակայանը և գրասենյակները
Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանը Ստրասբուրգում է, Ֆրանսիա։ Կազմակերպությունում աշխատում են 2 200 մարդ։ Այն արտաքին և կապի գրասենյակներ ունի այլ միջազգային կազմակերպություններում։ Ստրասբուրգի և Բուդապեշտի Երիտասարդական կենտրոնները երիտասարդների համար առաջարկում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով վերապատրաստման դասընթացներ։

Բարի գալուստ Եվրոպայի խորհուրդ

Այցելությունը Եվրոպայի խորհուրդ ձեզ պատկերացում կտա խորհրդարանի անդամների, դիվանագետների, փորձագետների և այլ ներկայացուցիչների աշխատանքի վերաբերյալ, ովքեր անդամ պետություններից գալիս են Եվրոպայի պալատ համատեղ աշխատելու և արդի հիմնական խնդիրների շուրջ ընդհանուր լուծումներ գտնելու համար:

Ինչ կտեսնեք դուք այնտեղ

- Ֆրանսիացի ճարտարապետ Անրի Բերնարի կողմից 1977թ. նախագծված Եվրոպայի պալատի նախասրահն իր տպավորիչ աստիճաններով և «իր ծանրակշիռ արտաքին տեսքով հաստատում է, որ միասնությունը անհրաժեշտ մի ուժ է գաղափարների ազատ հակամարտության համար»: -Կառույցի սրտում Վեհաժողովի նիստերի դահլիճն է, որտեղ լսվում է Եվրոպայի, այնտեղ գտնվող երկրների և տարածաշրջանների ժողովրդավարական ձայնը: Հենց այստեղ է, որ ողջ Եվրոպայի քաղաքական գործիչները հանդիպում են Խորհրդարանական վեհաժողովում և Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսում:

Այցելության տեսակները

Եվրոպայի խորհրդի Այցելությունների բաժինը կազմակերպում է էքսկուրսիաներ և ուսումնական ծրագրեր՝ հարմարեցված յուրաքանչյուր խմբի համար: Առաջարկվում է երկու տեսակի այցելություն:

Էքսկուրսիաներ

Էքսկուրսիաները նախատեսված են հիմնականում այն այցելուների համար, ովքեր ցանկանում են առավել ընդհանուր տեղեկություններ ստանալ Եվրոպայի խորհրդի մասին.
- ծանոթություն Եվրոպայի խորհրդի հետ,
- բացատրական տեսահոլովակ,
- այցելություն Խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճ,
- քննարկում Եվրոպայի խորհրդի դերի վերաբերյալ,
- այցելություններն անց են կացվում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով,
- տևողությունը՝ մոտավորապես 1 ժամ:

Էքսկուրսիաները դադարեցվում են Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի ժամանակ, բայց այցելուների խմբերը հնարավորություն ունեն հետևելու նիստերի դահլիճում ընթացող քննարկումներին:(4 նստաշրջանների ամսաթվերը նշված են Խորհրդարանական վեհաժողովի կայքէջում):)

Ուսումնական ծրագրեր

Էքսկուրսիաները հարմարեցված են խմբերի կարիքներին ու հետաքրքրություններին (ուսուցիչների, իրավաբանների, ուսանողների և այլն).
- այցելություն Խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճ,
- դասախոսություն Եվրոպայի խորհրդի քաղաքական դերի վերաբերյալ,
- ըստ խնդրանքի կարող են առաջարկվել նաև Եվրոպայի խորհրդի գործունեության կոնկրետ ոլորտներին վերաբերող դասախոսություններ,
- դասախոսությունները կարող են անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրի լեզվով,
- տևողությունը՝ մոտավորապես 2-3 ժամ:

Ինչպե՞ս դիմել

Բոլոր այցելությունները պետք է գրանցվեն նախապես: Էքսկուրսիաներ և ուսումնական ծրագրեր կազմակերպվում են նվազագույնը 15-հոգանոց խմբերի համար:

Այցելություններն անվճար են

Եվրոպայի պալատն այցելուների համար ազատ է երկուշաբթիից մինչև ուրբաթ, բացառությամբ ֆրանսիական ազգային տոների օրերին: Անվտանգության նկատառումներից ելնելով, այցելուները պետք է ունենան անձը հաստատող որևէ փաստաթուղթ: Հաշմանդամի սայլակով մուտքը մատչելի է:

Ձեր այցելությունը գրանցելու և լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք կապվել Այցելությունների բաժնի հետ.

Visitors’ Service
Directorate of Communication
Council of Europe, F-67075 STRASBOURG Cedex
Tel: +33 (0)3 88 41 20 29
Fax: +33 (0)3 88 41 27 54
E-mail: visites@coe.int