Who we are


Ով ենք մենք


Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների հարցերով մայրցամաքի առաջատար կազմակերպությունն է։ Այն ունի 47 անդամ պետություն, որից 28 Եվրոպական Միության անդամ են։ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը պաշտպանելուն կոչված պայմանագիր է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերահսկում է անդամ պետությունների կողմից կոնվենցիայի իրականացումը։ Անհատները կարող են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գանգատներ ներկայացնել Ստրասբուրգի դատարան, երբ տվյալ անդամ պետությունում բողոքարկելու բոլոր հնարավորությունները սպառվել են։ Եվրոպական Միությունը պատրաստվում է ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ այդպիսով ստեղծելով ընդհանուր եվրոպական իրավական տարածք ավելի քան 820 միլիոն քաղաքացիների համար։

Կենտրոնակայանը և գրասենյակները
Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանը Ստրասբուրգում է, Ֆրանսիա։ Կազմակերպությունում աշխատում են 2 200 մարդ։ Այն արտաքին և կապի գրասենյակներ ունի այլ միջազգային կազմակերպություններում։ Ստրասբուրգի և Բուդապեշտի Երիտասարդական կենտրոնները երիտասարդների համար առաջարկում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով վերապատրաստման դասընթացներ։

 

Եվրոպայի պալատը

Ֆրանսիացի ճարտարապետ Անրի Բերնարի կողմից նախագծված և 1977թ. բացված Եվրոպայի պալատը Եվրոպայի խորհրդի գլխավոր մասնաշենքն է: Դրա մուտքի մի կողմում բարձրացված են Խորհրդի բոլոր անդամ պետությունների դրոշները, Պալատի կառուցվածքի ծանրակշիռ, ամրոցի նմանվող արտաքին տեսքը հակադրվում է դրա նուրբ ու ավելի թեթև աղեղնաձև ներսին՝ արտացոլելով դրա պատերի ներսում կատարվող աշխատանքների համախմբվածության, վստահության և սիրալիրության արժեքների ուժը: Պալատի դրսի մասը կարմիր, արծաթագույն ու ոսկեշագանակագույն երանգների վառ խառնուրդ է, որով ծածկված են բետոնե հենասյուները, այլումինապատ ճակատային մասը և խորհրդակցությունների սենյակների ընդարձակ պատուհանները համապատասխանաբար: Պալատի դիմաց գտնվող աչք շոյող զառիվայր սիզամարգը ցած է իջնում դրա գլխավոր աստիճաններից: Մի ժամանակ լինելով Եվրոպայի պալատի նախորդի՝ Եվրոպայի տան գտնվելու վայրը, կանաչ հողակտորի այս շերտը դարձել է մի շարք արվեստի գործերի հարազատ տունը, որոնք այսօր ներկայացվել են Եվրոպայի խորհրդին:

 

Ագորան

Ագորան Եվրոպայի խորհրդի ամենանորագույն շինությունն է, որն իր անունը ստացել է հավաքների համար բաց տարածք նշանակող հին հունարեն բառից: Այն հանդիսավոր կերպով բացվել է 2008թ. ապրիլին և նախագծվել Art & Build (Բրյուսել) և Denu et Paradon (Ստրասբուրգ) ճարտարապետական ընկերությունների կողմից: Ագորան իր մեջ միավորում է արդիականությունը, արդյունավետությունը և հարգանքը շրջակա միջավայրի նկատմամբ և 2008թ. հռչակվել է որպես տարվա լավագույն գրասենյակային շինություն (MIPIM մրցանակ): Ապակեպատ ընդարձակ ճակատային մասի հետևում, խորհրդակցությունների սենյակներին կից գտնվում են երկու՝ նախապես պատինավորված պղնձով ծածկված սյունազարդ նախասրահներ: Այս կառույցը ծածկում է ուշադրություն գրավող բարձակային մետաղական տանիքը, որի վերին մասում գտնվում է նախասրահների բնական օդափոխությունը ապահովող երկու արևային ծխնելույզ: Այս առաջընթացը մարմնավորող շինությունը վկայում է բնապահպանության նկատմամբ Եվրոպայի խորհրդի ցուցաբերած պատասխանատվության մասին:

 

Մարդու իրավունքների պալատը

1995թ. հանդիսավոր կերպով բացված Մարդու իրավունքների պալատը ձգվում է Ստրասբուրգի միջով հոսող Իլ գետի երկայնքով: Այս շինությունը բրիտանացի ականավոր ճարտարապետ լորդ Ռիչարդ Ռոջերսի ամենաբարձր նվաճումներից մեկն է, ով նաև նախագծել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան կենտրոնը, Լոնդոնի Հազարամյակի գմբեթը և Ուելսի Ազգային ժողովի շենքը: Գետով բաժանված լինելով Եվրոպայի խորհրդի Լուիզ Վայսի անվան Եվրոպական խորհրդարանի շենքից, Մարդու իրավունքների պալատի ձևավորումը հավատարիմ է լորդ Ռոջերսի ֆունկցիոնալ և մոդեռնիստական ոճին: Դրա համակ սիմվոլիկ ոճը (ճակատային մասը հարուցում է արդարադատության կշեռքի զգացում), օգտագործված ժամանակակից նյութերը (ապակու ազատ օգտագործումը խորհրդանշում է թափանցիկություն) ցնցող տպավորություն են թողնում: Մարդու իրավունքների պալատի դիմային մասը ձևավորվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկու գլանաձև պալատների միջոցով: Այս երկու վեր խոյացող կառույցները կապում են պալատի հիմնական հատվածները. հանրային տարածքները պարունակում են մետաղի, ապակու և վոժյան ավազաքարի բարդ օղակաձև տարրեր և ավելի պարզ ու չափավոր գրասենյակային տարածք:

 

Դեղորայքի և առողջապահության որակի Եվրոպական տնօրինությունը (ԴՈԵՏ)

ԴՈԵՏ-ի նոր շենքը գտնվում է Ագորայի հետևի մասում: Բրյուսելյան Art & Build և Ստրասբուրգում գտնվող Denu and Paradon ընկերությունների ճարտարապետների կողմից նախագծված այս շինության բացումը կայացավ 2007թ. մարտին: Այս ձևավոր ապակու և փայտե կառույցը համակցում է ժամանակակից գեղագիտական մոտեցումը նրա համարժեք ֆունկցիոնալ նշանակության հետ: Այստեղ տեղակայված են լաբորատորիաներ, գրասենյակներ և խորհրդակցությունների սենյակներ, որոնք ծառայում են Եվրոպայում և նրա սահմաններից դուրս դեղորայքի որակի մոնիտորինգի գործում կազմակերպության աճող դերին:

 

Եվրոպական երիտասարդական կենտրոնը

1972թ. ի վեր նորվեգացի ճարտարապետներ Լանդի և Ալաաթոյի կողմից նախագծված այս ֆունկցիոնալ ու ժամանակակից շենք են այցելել հասարակության բոլոր խավերը ներկայացնող տասնյակ հազարավոր երիտասարդներ: Այն գտնվում է Ուաքեն թաղամասում: Եվրոպական երիտասարդական կենտրոնը հանդիսանում է սկանդինավյան ճարտարապետության կարկառուն նմուշ և զուգակցելով իր մեջ չմշակված բետոն և այլումին՝ ապշեցուցիչ տպավորություն է թողնում: